Յունաբան Հայերէն

Յունաբան Հայերէն

Հրաչեայ Աճառեան

ի Սիոնէ

(1949)

Ա.

Ե. դարում՝ երբ մեր հայրերը սկսան թարգմանել յունարէնից պատմական, նկարագրական, կրօնական ու բարոյական գրուածքներ, հայերէն լեզուն ոչ միայն բաւական էր յունարէն բնագրերի բոլոր նրբութիւնները դուրս բերելու, այլ եւ իր ճոխութեամբ ու հարստութեամբ շատ անգամ գերազանցում էր նրանցից։ Այսպէս օրինակ՝ Ոսկեբերանի հայերէն թարգմանութիւնը այնքան պերճ, այնքան բազմազան, այնքան հարուստ լեզու ունի, մինչդեռ յունարէնը նրա համեմատութեամբ այնքան հասարակ ու սովորական է, որ կարծես թէ Ոսկեբերանը հայերէն է խօսել եւ ոչ յունարէն կամ թէ բնագիրը հայրերէնն է, իսկ նրա անյաջող թարգմանութիւնը յունարէնն է։

Ե. դարից յետոյ, երբ հայերը ձեռք զարկին յունաց փիլիսոփայական գրուածքները թարգմանելու, տեսան որ հայերէնը բաւական չէ փիլիսոփայական արուեստական մշակուած լեզուի բոլոր նրբութիւնները պատերացնելու։ Այդ րոպէից պահանջ զգացուեց հայերէնի այս տկար կողմը զօրացնելու, պակասութիւնը լրացնելու։

Թէ ո՛վ եղաւ կամ ո՛վքեր եղան որ առաջին անգամ մտածեցին լրացնել հայերէնի այս պակասը, մեզ յայտնի չէ։ Աւանդութիւնը մեզ տալիս է ոմն Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի անունը, որ իբր թէ ապրել է Ե. դարի երկրորդ կէսում, սովորել է Աթէնքում, կայսեր ներկայութեամբ Պոլսում մրցել է յոյն փիլիսոփաների հետ, յաղթել բոլորին եւ դրա համար էլ ստացել Անյաղթ տիտղոսը։ Քննական բանասիրութիւնը առասպէլ է համարում այս բոլորը, եւ հաստատում է որ Դաւիթին ընծայուած գործերը յունարէնից թարգմանութիւն են։

Ինչ էլ որ լինի, իրողութիւնն այն է՝ որ Ե. դարից յետոյ, Զ-Ը դարերի շրջանում դուրս են եկել մեր մէջ անհատներ, որոնք ստեղծել են մի նոր հայերէն լեզու, համաձայն յունարէնի, որով եւ գրել կամ աւելի ճիշտ՝ թարգմանել են բազմաթիւ փիլիսոփայական գրուածքներ։

Այս հայերէնը կոչւում է յունաբան հայերէն։

Քննենք այս հայերէնի վիճակը կամ կազմութիւնը։

Յունաբան հայերէնի ամենակարեւոր կողմը բառարանն է, որ այս տեսակէտից բաժանւում է երկու մասի.

1. Յունաց փիլիսոփայական լեզուի հարստութիւնն են կազմում այն բառերը, որոնք կազմուած են զանազան նախամասնիկներով։ Հայերէնը թէեւ յետամասնիկներով շատ հարուստ, բայց չափազանց աղքատ է նախամասնիկները կողմից։ Այսօր էլ երբ ռուսական կրթութիւն ստացած մեր հայրենակիցները առիթ են ունենում հայերէնը համեմատելու ռուսերէնի հետ եւ կամ ուզում են թարգմանութիւններ անել ռուսերէնից հայերէն, ամէնից աւելի գանգատում են նախամասնիկների բացակայութիւնից հայերէնի մէջ։ Այսպէս ռուսերէնը բացի լիտ (лить) «լցնել» սովորական արմատական ձեւից՝ գիտէ ասել նալիտ (налить), վլիտ (влить), պոլիտ (полить), պրոլիտ (пролить), պրիլիտ (прилить), ռազլիտ (разлить), իզլիտ (излить), դոլիտ (долить), եւն. որոնց դէմ հայերէնը առանձին բառեր չունի։ Այդ չի նշանակում թէ հայերէնը անկարող է այդ գաղափարները բացատրել, այլ թէ բացատրում է կամ առանձին արմատներով, ինչպէս ոռոգել, ջրել ածել, ջրել ածել, ձուլել, հեղուլ, ամանել, թափել, վաթել, դատարկել, պարպել եւ կամ յարակից բառերով. ինչպէս վրան լցնել, դուրս լցնել, պակասը լցնել, մէջը լցնել, նորից լցնել, եւն. եւն։ Ոչ մի լեզու չի կարող մի ուրիշ լեզուի կատարեալ պատկերը լինել։ Բայց մեր այս կարգի ինտելիգենտները գոհունակ չեն հայերէնից եւ ուզում են որ հայերէնն էլ կարողանար նոյն լցնել արմատական ձեւից կազմել զանազան ածանցներ՝ ճշտիւ համապատասխան ռուսերէն ձեւերին։ Եթէ յանկարծ երեւակայենք որ փոխուած լինէին դերերը եւ հայերէնը ունենար ազդեցիկ դիրք, իսկ ռուսերէնը լինէր երկրորդական մի լեզու, այն ժամանակ էլ բնականաբար պահանջները հակառակ ուղղութիւն պիտի ստանային եւ պիտի գանգատուէին թէ ինչո՛ւ ռուսերէնն էլ հայերէնի նման ճոխութեամբ՝ չունի այդպէս առանձին առանձին արմատներ, այլ նոյն եւ միեւնոյն լիտ արմատը շուռումուռ է տալիս շարունակ։

Ապ — ապո (ἀπο), ապ (ἀπ'), աֆ (αφ')
առ — պրոս (πρός)
արտ — եկ (ἐκ), եքս (ἐξ)
բաղ — սիւն (σύν)
բաց — ապո (ἀπο)
գեր — հիւպէր (ὑπέρ)
ներ — են (ἐν)
շաղ — սիւն (σύν)
շար — սիւն (σύν)
պար — պերի (περί)
ստոր — հիւպո (ὑπο)
վեր — անա (ἀνά)
դեր — անտի (αντι)
ենթ — հիւպո (ὑπο)
հակ — անտի (αντι)
հոմ — հոմս (ὁμός)
մակ — եպի (επι)
յար — պարա (παρά), սիւն (σύν)
տար — պարա (παρά), դիա (δια)
տրամ — դիա (δια)
փաղ — սիւն (σύν)
փար — պերի (περί)
փոխ — մետա (μετά)

Այս նախամասնիկները հնարելուց յետոյ մեր յունաբան հեղինակները սկսեցին անխնայ եւ ստրկօրէն թարգմանել այն բոլոր յունարէն բառերը որ կազմուած էին համապատասխան մասնիկներով, առանց ուշադրութիւն դարձնելու թէ հայերէնի մէջ այդ բառերի համազօրները կա՞ն թէ չկան եւ թէ հայ ժողովուրդը կարո՞ղ է արդեօք հասկանալ այդ նորակերտ բառերի իմաստը թէ ոչ։ Ահա մի քանի օրինակ այդ թարգմանութիւններից համապատասխան այն հայերէն բառերով, որոնք արդէն գոյութիւն ունէին լեզուի մէջ եւ գործածական էին Ոսկեդարի հայերէնում.


ՅՈՒՆԱՐԷՆ ՅՈՒՆԱԲԱՆ ԲՆԻԿ
απολογία ապաբանութիւն ջատագովութիւն
ἀπόφημι ապուսել, ապասոցել ժխտել, ուրանալ, մերժել
προσπίπτω առանկանել պատահել
εἰκάζω բաղդատութիւն համեմատութիւն
ἀποδίδωμι բացադրել մեկնել
υπερθετικός գերադրական գերիվերոյ
ἀντωνυμία դերանուն փոխանակ անուան
ὁμώνυμος հոմանուն Համանուն, անուանակից
ἐπιφάνεια մակերեւոյթ երեսք
ἐναντίος ներհակ հակառակ, ընդիմմակաց
ἐνίστημι ներկայ առաջիկայ
ἐνεργέω ներգործել ազդել
σύνδεσμος շաղկապ զօդ, յօդակապ
συνεχής շարունակ հանապազ
περιοχή պարունակութիւն բովանդակութիւն
ὑπογράφω ստորագրութիւն նկարագիր, ձեռնագիր
αναγιγνώσκω վերծանել ընթեռնուլ
παράδειγμα տարացոյց օրինակ
διαφέρω տարբերել որոշել, զանազանել
διάφορος տարբեր ընդհատ
παρακοή տարալսութիւն անհնազանդութիւն
σῠλλᾰβή փաղառութիւն վանկ
μεταβάλλω փոխարկել փոխել, յեղուլ
περιαιρέω փարաբառնալ ի բաց բառնալ

2. Նախնամասնիկաւոր բառերից դուրս յունարէնը, ինչպէս եւ ամէն մի լեզու, ունէր մի խումբ այնպիսի բարդութիւններ, որոնց կազմութիւնը հայերէնից տարբեր էր։ Հայերէնը դարձեալ դրանց դէմ ունէր կամ առանձին արմատական բառ եւ կամ տարբեր ձեւով բարդ կամ ածանց ձեւ։ Յունաբան հեղինակները այս կարգի բառերն էլ սկսեցին թարգմանել բառացի. ինչպէս Εωσφόρος «արուսեակ», կազմուած է Ἑωσφ «այգ» եւ φορέω «հագուստ կրել, զգենուլ» բառերից. Հայերէնը ունէր աստղ առաւօտու եւ արուսեակ գեղեցիկ բառերը. յունարէնից թարգմանուեց վաղորդայնազգեցիկ անճոռնի բառը։

φιλονικώ «վիճել, կագել, հակառակել, յանդգնեալ վիճել», որ կազմուած է φιλέω «սիրել» եւ νικάω «յաղթել» բառերից. Յունաբանների համար պատրաստ է յաղթասիրել։

φιλότιμο «պարծիլ, պանծալ, հպարտանալ, փառս անձին համարել, ճոխանալ, առատանալ, այսինքն առատաձեռն լինել». կազմուած է φιλέω «սիրել» եւ τιμάω «յարգել» բառերից. ըստ այսմ յունաբաններն էլ թարգմանում են պատուասիրել։

γραμματική «քերականութիւն». Կազմուած է γράμμα «գիր, տառ» բառից եւ այս էլ գալիս է γράφω «գրել» բառից, որի առաջին եւ նախնական նշանակութիւնն է «քերել, ճանկռել, փորագրել», ըստ որում հնագոյն ժամանակներում գրչութիւնը քարի վրայ փորելով էր բառը յետոյ ստացաւ պարզապէս «գրել, շարադրել» նշանակութիւնը։ Ոսկեդարեան հայերէնում բառիս հոմանիշն էր «դպրութիւն, արուեստ դպրութեան,» որին չհաւանելով մեր յունաբանները քերել բառից սարքեցին քերականութիւն։

Այս կարգի բառերից դուրս կան եւ այնպիսի բարդութիւններ, որոնք տարբերւում են հայերէնից միայն դասաւորութեամբ. Այսպէս օրինակ յունարէն φιλόλογος «բանասէր» բառի կազմիչ մասերն են φιλό «սէր» եւ λογος «բան», որոնց դասաւորուած են հայերէնի հակառակ շարքով։ Այս կարգի բառերը թարգմանուած են հայերէնի մէջ նախ մեր լեզուին հարազատ կարգով, իսկ զուտ յունաբան հեղինակների մէջ զուտ յունական շարքով, այսպէս ունինք. φιλεργος, սիրագործ, գործասէր. μητρόπολις, մայրաքաղաք, քաղաքամայր. φιλόλογος, սիրաբան, բանասէր։


Comments

Popular posts from this blog

In Defense of Civilization

Learn Classical Armenian!

Movses Khorenatsi's History of the Armenians