Ինչո՞ւ են ճշնուած Ազգերը Ազգային Ուղղութեան Յարում


Ամեն մի երկրում, ուր կան հպատակ ու ճնշուած ազգեր՝ նրանք ամենից առաջ պահանջում են ազգային ինքնորոշման եւ ազգային ինքնուրոյն զարգացման իրաւունք։

Խիստ դառն ու դաժան է ճնշւած ազգերի անզօր մաքառումը։ Անհաւասար կռիւը մղւում է ո՛չ միայն կառավարութեան, այլ եւ տիրող ազգի մեծամասնութեան դէմ, որ բնական կերպով վայելում եւ ոգտւում է իր կարավարութեան տւած յատուկ արտօնութիւններից։

Եթէ բանւորը շահագործւում ու ստրուկ է դառնում կապիտալի մետաղեայ բռունցքներում՝ հպատակ ճնշւած ազգերն էլ կեղեքւում ու ճնշւում են քաղաքական տիրող իշխանութեան կողմից։

Թոյլ ու ստրուկ ազգերը քաղաքական բռնութեան «պրօլետարներ» են։

Մինչեւ այժմ ճնշւած ժողովուրդների շարքում հայը եղել է բռնութեան «պրօլետարների» ամենից աւելի ճնշւածն ու հալածւածը։

Հայի ազգային արժանապատւութիւնը անարգում ու արհամարհում են, նրա ազգային ինքնորոշման իրաւունքը ծաղրում ու հեգնում, նոյն իսկ նրա գոյութեանը սպառնում։

Հայը ուզում է ազատուել ազգային հալածանքի այդ կօշմարից, նա ուզում է ազատ շունչ քաշել իբրեւ ազգ եւ առաջ գնալ ազգային ինքնուրոյն զարգացման ճանապարհով։ Նա՝ ուզէ չուզէ ստիպուած է ազգային լինելու, որովհետեւ նրան ճնշում են իբրեւ հայ ազգ։

Հայը «նացիօնալ» է, բայց ո՛չ «նացիօնալիստ»։

«Նացիօնալիստները» տիրող ազգի այն շովինիստ ազգամոլներն են, որոնք հարւածում ու ոտնակոխ են անում ճնշւած ազգերի ինքնուրոյն զարգացման իրաւունքն ու պահանջը։

Շփոթել «նացիօնալին» «նացիօնալիստի» հետ նշանակում է շփոթել հարստահարւածին հարստահարողի եւ ճնշւածին ճնշողի հետ։

Մի՞թէ հարկաւոր է դեռ բացատրել, որ հալածւած ազգերի ազգային ուղղութիւնը ո՛չ միայն «նացիօնալիստ» չէ, այլ եւ չէ կարող լինել։

Մեր ազգային ողղութիւնը դարաւոր մաքառման եւ անթիւ զոհերի մի անցեալ ունի, եւ մեր գրեթէ ամբողջ մամուլը բնազդօրէն հետեւել է այդ ազգային ուղղութեան, նոյն իսկ եթէ բառերով հակառակն է պնդել։

Ո՛չ միայն մեզանում, այլ եւ ամեն տեղ, ուր ճնշւած ու հալածւած ազգեր կան՝ ընդհանուր ազգային շահերի գիտակցութիւնն ու ազգային ինքնորոշման մաքառումը զօրեղ է եւ գերակշռող։

Աւստրո-Ունգարիայում սլավօն ճնշւած փոքր ազգերի առածնորդող կուսակցութիւնը ազգային ժողովրդականն է։ Լեհաստանի ռուսական մասում ազգային շարժման եւ ինքնորոշման գլուխ ի անցել դարձեալ ազգային-ժողովրդական կուսակցութիւնը։

Նոյնն է լինելու նաեւ մեզանում։

Ճնշւած ու արիւնոտ մեր ազգի արդի քաղաքականութիւնը միային ազգային կարող է լինել։

Մեր տխուր իրականութեան եւ մեզ շրջապատող պատմական պայմանների անհրաժեշտ պահանջն է այդ։

Յակոբ Մանանդեան
23 Փետրուար 1906
«Արշալոյս»

Comments

Popular posts from this blog

In Defense of Civilization

Learn Classical Armenian!

Movses Khorenatsi's History of the Armenians