Քարե՜րն են բողոքում
Տասը տարի է արդէն, որ Թուրքիայում բնաջինջ են անում հային։
Տասնամեայ սոսկալի մեռելոցի յիշատակը ռուսահայը տօնում է արեան բոցի ու աւերումների ժխորում։
Ազատութեան, լոյսի բարեկամ Պռոմեթեւսի նման հայութիւնը շղթայւած է տանջանքների ժայռին։
Սուլթանի եւ ռուս մարդատեաց բիւրօկրատների պրօվօկացիան արձագանք ու պարարտ հող գտան հային շրջապատող մահմեդական բարբարոս խուժանի շրջանում։
Փոքր-Ասիան մահամեդականների համար—այս էր Սուլթանի քաղաքական դաւանանքն ու նշանաբանը։
Քսան դար առաջ Պոնտոսի թագաւոր Միհրդատը մի օրւայ ընթացքում կոտորել տւեց Փոքր-Ասիայում մօտ 100,000 հոգի հռոմայեցի քաղաքացիներ։
Նրա նշանաբանն էր—Ասիան ասիացիների համար։ Արեւելեան ինքնակալ չարագործները խիստ նման են իրար։ Միհրդատի ժամանակից անցել է մօտ 20 դար։ Այդ 2000 տարւայ ընթացքում քաղաքակրթութիւնն ու մարդասիրութիւնը խոշոր քայլերով առաջ են գնացել։
Իսկ Փոքր-Ասիան եւ մանաւանդ հայկական նահանգները դեռ եւս հեծեծում ու հառաչում են եւրոպականացած Միհրդատների լծի տակ։
Հայկական ողբերգութիւնը շատ երկար տեւեց եւ հայի վիճակը գնալով աւելի բարդւում ու անտանելի է դառնում։ Միսիօնէրների հաղորդած տեղեկութիւնների համաձայն 1904 թւին Բիթլիսի վիլայէթում կողոպտւած ու աւերւած են 70-ից մինչեւ 100 գիղ, Վանայ շրջանում՝ Նարեկ ու Ատանանց գիւղերը, սպանւած են մօտ 8000 հոգի անմեղ հայեր։ Գիւղացիները սերմացու չունեն։ Հարկահաւաքները խլում են նրանց արտերը, ցորենն ու եզները։ Սովը, ցուրտը եւ հիւանդութիւնները աջակցում են նրա թշնամուն։
Հայի ջղերն արդէն անզգայ են դառել եւ այդ տեսակ լուրերը գրեթէ տպաւորութիւն չեն թողնում։
Շատ վտանգաւոր դրութիւն է դա։
Ամեն մի խելամուտ ու հեռատես հայ գործիչ պարտաւոր պիտի զգայ իրան՝ իր մտքի ու հոգու ամբողջ ոյժը լարելու՝ թուրքահայ շինականի դառն վիճակը թեթեւացնելու համար։
Դր. Ռայնօլդս, Վալդ. Բելք, Վ. Գարիսըն եւ առանց բացառութեան բոլոր հայասէր միսիօնէրները, որոնք տեղեակ են հայաբնակ վիլայէթների իրականութեանը՝ թուրքահայերի թշւառ վիճակը մասամբ վերագրում են հայ յեղափոխական շարժման տակտիկային։
Մենք մի վայրկեան անգամ չենք կասկածում, որ թուրքահայ յեղափոխականների շարքում գտնւում են հայ ազգի լաւագոյն ու ազնիւ զաւակները։
Բայց թուրքահայ խնդրի վերաբերմամբ նրանց յոյսերն ու ակնկալութիւնները, ոգեւորութիւնն ու հաւատամքը շատերի համար պարզ ու հասկանալի չեն։
Ո՛չ միայն օտար միսիօնէրները, այլ եւ հայ գործիչների մեծամասնութիւնը յեղափոխականների տակտիկան թուրքահայ նահանգներում համարում են աննպատակայարմար ու վտանգաւոր։
Բանակռիւը, վէճը, շիտակ ու աղատ քննադատութիւնը լոյսի ու ճշմարտութեան հարազատ եղբայրներն են եւ ժամանակն է վերջապէս, որ մամուլը շիտակ ու անկեղծ խօսի, պարզի իր դաւանանքը թուրքահայ խնդրի վերաբերմամբ։
Comments
Post a Comment