Մինչեւ Ե՞րբ

Մինչեւ Ե՞րբ

 

Րաֆֆի


Մշակ 

(1880)

 

Ժամանակը եւ ժամանակակից պահանջները յարուցանում են ժողովրդի գործիչների մէջ նոր մտածութիւններ, նոր գաղափարներ, որոնք առաջ են գալիս իրերի անհրաժեշտութիւնից, եւ աւելի ճիշտ ասած, ներկայի ծնունդն են։ Նոր մտածութիւնները, նոր գաղափարները կարող են խորթ, օտարոտի եւ մինչեւ անգամ վնասակար երեւնալ այն անձանց, որոնք ժամանակի պահանջներին չեն հետեւում, որոնք անշարժ մնում են հին նախապաշարմունքների վրա։

            Ազգայինութեան գաղափարը վաղուց անծանօթ էր մեզ՝ հայերիս. դեռ ներկայ դարուս երկրորդ կիսաբաժնի մէջ նա սկսեց արծարծվիլ մեր մտածողների գլխում, բայց այնքան աղօտ եւ այնքան խառնափնթոր կերպով, որ մի որոշ կերպարանք ստանալ չը կարողացաւ։ Ամենաջերմ եւ ամենաանկեղծ ազգասէրները շփոթում էին ազգը կրօնի հետ եւ կրօնը եկեղեցու հետ։ Եւ եկեղեցուց բաժանված անդամների վրա նայում էին, որպէս հեթանոսների վրա եւ նրանց այլ եւս հայ չէին համարում։ Հայեր համարվում էին նրանք միայն, որ պատկանում էին լուսաւորչական եկեղեցուն։ Եւ այսպէս, ազգութիւնը եւ եկեղեցին կազմում էին մի անբաժանելի միութիւն, որի անջատումը, նրանց կարծիքով, կարող էր պատճառել երկուսի էլ մահացութիւնը։

            Բայց այդ դրութիւնը երկար չէր կարող պահպանվել. նա ոչ միայն անբնական էր, այլ հակառակում էր ազգերի յառաջադիմութեան օրէնքներին։ Անկարելի էր, որ հայ ազգը պատկաներ միայն մէկ եկեղեցուն։ Երկրագնտի վրա, թէ քաղաքակիրթ եւ թէ հայրենի ազգերի մէջ չը կայ եւ երբէք չի եղել մի ազգութիւն, որ մէկ եկեղեցու պատկանէր։ Օտար բազմաթիւ օրինակների վրա ցոյց տալու հարկ չը կայ, այսքանը միայն կասենք, որ հայ ազգը իր հեթանոսական դարերում ունէր զանազան կրօնական աղանդներ՝—բուն հայկական, զրադաշտական, ասօրական, յունական, հրէական եւ մինչեւ անգամ չինէական,—եւ այդ բոլոր աղանդների խառնափնթորութեան մէջ ազգութիւնը դարձեալ չէր կորցնում իր ամբողջութիւնը, աւելի ուժ եւ զօրութիւն ունէր։

            Քրիստոնէութիւնը Հայաստանում մտնելուց յետոյ, պէտք է բնականաբար մի եւ նոյն երեւոյթները կրկնվէինք։ Մեր Սուրբ Լուսաւորիչ Հօր հիմնած եկեղեցին չը կարողացաւ մնալ իր սկզբնական պարզութեան մէջ։ Դեռ երկար ժամանակ հեթանոսական կրօնի հետքերը մնացին Հայաստանում։ Այդ բաւական չէ, նոյն իսկ Լուսաւորչական եկեղեցին, կաթօլիկ եւ յունական եկեղեցիների ազդեցութեան ներքոյ, եթէ ոչ ներքին դաւանաբանական հիմունքների կողմից, գոնէ արտաքին ծիսապաշտութիւնների կողմից։

            Մինչեւ վերջին դարերում յայտնվեցան մեր մէջ կազմակերպված կաթօլիկ, բողոքական եւ յունադաւան եկեղեցիներ։

            Ի՞նչ պէտք էր անել այդ վերջինների հետ։—Երկուսից մէկը, կամ պէտք էր պարզ ասել (որպէս շատերը ասում են) թէ մենք հայոց ազգութիւնը հիմնված ենք համարում միմիայն լուսաւորչական եկեղեցու վրա, որովհետեւ դուք բաժանվեցաք այդ եկեղեցուց եւ մտաք կաթօլիկ, բողոքական եւ յունադաւան եկեղեցիների գիրկը,—ուրեմն դուք այլ եւս մեզանից չէք (այսինքն՝ հայ չէք) ըստ որում մենք լուսաւորչական եկեղեցուց դուրս հայութիւն չենք ճանաչում։—Եւ կամ պէտք էր ասել, թէեւ դուք ընդունեցիք այս եւ այն եկեղեցիները, բայց մենք ձեր կրօնական համոզմունքներին չենք դիպչում, դուք դարձեալ մեր անբաժան եղբայրներն էք եւ մեր ազգի սիրելի անդամներ։

            «Մշակը» իր հրատարակութեան հէնց առաջին տարիներից, մեր այլադաւան եղբայրների վերաբերութեանբ, ընդունեց վերջին եղանակը։ Այդ, ի հարկէ, կը վրդովցնէր շատերին, որոնք աւելի բարւոք էին համարում, որ հազարաւորները եւ բիւրաւորները մեր ազգից կորչէին, քան թէ լուսաւորչական եկեղեցու մի աղիւսը իր տեղից խախտվէր։

            Բայց հարցը շատ պարզ էր, թէեւ ոմանք չը հասկանալով, եւ ոմանք չարամտութեամբ աշխատում էին եւ աշխատում են այլապէս բացատրել։ Քարոզել այն միտքը, թէ մեր կաթօլիկ, բողոքական, յունադաւան եւ մինչեւ անգամ մահմեդական եղբայրները մեզ նման հայեր են, մեր մսից եւ մեր արիւնիցն են, եւ մեր ազգութեանն են պատկանում,—այդ չէ նշանակում ի վնաս լուսաւորչական եկեղեցու գործել։ Լուսաւորչական եկեղեցին մեզ համար նոյնքան սուրբ է, որքան սուրբ են եւ միւս եկեղեցիները իրանց պատկանող անդամների համար։ Մենք չենք կարող, եւ մինչեւ անգամ իրաւունք չունենք ասելու նրանց, թէ փոխեցէք ձեր կրօնը, կրկին մտէք մեր եկեղեցին, այն ժամանակ միայն մենք եղբայրական ձեռք կը մեկնենք ձեզ եւ կը համբուրվենք ձեզ հետ։ Դրանով մենք իրաւունք կը տանք նրանց նոյնը պահանջել մեզանից։ Եւ այնսպէս ազգային միութիւնը երբէք չի կայանայ։

            Ո՞վ է հերքում այն փաստը, թէ լուսաւորչական եկեղեցին պատմական կապ ունի մեր ազգայնութեան հետ։ Ո՞վ է հերքում, որ այդ եկեղեցին շատ դէպքերում ազատել է մեր ազգութիւնը կորստից եւ շատ դէպքերում եւս վնասել է նրան։ Այսուամենայնիւ, մենք կը պաշտենք այդ եկեղեցին, եւ եթէ նա դարերի ընթացքում ստացել է այս եւ այն խորթ ներմուծութիւնը, կաշխատենք ինքներս ուղղել, առանց թոյլ տալու մի օտարի միջամտութիւնը։ Մենք մեր տունը մեր ձեռքով կը նորոգենք, եթէ հարկաւոր կը համարվի։ Բայց մի եւ նոյն ժամանակ կը պահպանենք կատարեալ ներողամտութիւն դէպի մեր այլադաւան ազգայինները, եւ առանց վիրաւորելու նրանց կրօնական զգացմունքը, կաշխատենք հասկացնել նրանց, որ մենք մի եւ նոյն ազգի զաւակներ ենք, որ մեր ընդհանուր շահերը պահանջում են ազգային սերտ միութիւն, եւ ամեն ինչ, որ հակառակ է այդ միութեանը, պիղծ, վնասակար եւ աններելի է։

            «Մշակը» խօսելով կրօնի մասին, միշտ ազգային կէտից է նայել նրա վրա։ «Մշակը» կրօնափոխութիւն չէ քարոզում, ով որ այսպէս է մտածում, նա կամ կոյր է, կամ խարդախութեամբ լի չարամիտ։ Եւ եթէ «Մշակը» իր էջերը բաց է արել Ամիրխանեանցի, Կիրակոսեանցի եւ Մարկոսեանցի առջեւ, այդ չէ նշանակում, թէ նա դառնում է գործիք զանզան «որսորդների» ձեռքում, որպէս պնդում են ոմանք։ Մի լրագիր, որ իրան նպատակ է դրել հաշտարար լինել ազգի անջատված, թշնամացած եւ խորթացած անդամների մէջ, նրա պարտքն է լսել եւ հրատարակել իւրաքանչիւրի խօսքը։ «Մշակի» մէջ կարող են գրել, որպէս լուսաւորչական, այնպէս էլ կաթոլիկ, բողոքական, մահմետական եւ յունադաւան հայերը,—նա ազգային օրգան է եւ ոչ եկեղեցական։

            Մենք Ամիրխանեանցներին եւ դրանց նմաններին ազգի թշնամի չենք համարում. մենք ազգի թշնամի ենք համարում այն զզուելի հայերին, որ հայերէն չեն խօսում, որ հայերէն չեն կարդում, որ Հայաստանի վրա չեն մտածում, եւ միայն տարին մի քանի անգամ հայոց եկեղեցին մտնելով, հայ քահանայի ձեռքից հաղորդութիւն են ընդունում եւ դրանով իրանց բոլոր պարտքը կատարած են համարում։ Մենք ազգի թշնամի ենք համարում այն կարճամիտ ազգասէրներին, որ լուսաւորչական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում։ Ի՞նչ կը լինէր այդ վերջինների կարծիքով, եթէ հայերի մեծ մասը մի ժամանակ բողոքական կը դառնային, կամ մի ուրիշ կրօն կընդունէին, իսկ ազգի փոքրամասնութիւնը միայն կը մնար հաւատարիմ լուսաւորչական եկեղեցուն,—ուրեմն այդ փոքրամասնութիւնը միայն պիտի՞ կազմէր մեր ազգութիւնը։

            Մեզ ասում են, թէ հայը լեզու չունի, թէ հայը հայրենիք չունի, թէ նրա լեզուն, հայրենիքը եւ ազգային բոլոր առանձնութիւնները բովանդակվում են միմիայն եկեղեցու մէջ.—խլեցիր նրանից եկեղեցին, փոխեցիր նրա կրօնը,—ազգութիւնը այն ժամանակ կը քայքայվի։ Մի այսպիսի կարծիք կարող են ունենալ հայ ազգի մասին տգէտները միայն, որոնք խիստ նեղ եւ սահմանափակ հայացքով են նայում ազգային խնդրի վրա։

            Եթէ իսկապէս հայը զրկված է իր ազգային լեզուից, զրկված է իր հայրենիքից, կորցրել է իր ցեղական առանձնութիւնները եւ պահպանվում է միմիայն եկեղեցու գրկում, այն ժամանակ նրան ազգ պէտք չէ համարել, այլ պէտք է համարել մի կրօնական աղանդ, որ մեռած է նոյն իսկ եկեղեցու մէջ, որի մէջ ապաստան է գտել։ Մի այսպիսի ազգի համար չարժէ աշխատել, չարժէ մտածել անգամ, որովհետեւ նա կը քայքայվի, կը լուծվի եւ կանհետանայ զանազան ազգութիւնների մէջ, երբ իր պաշտպանութեան համար ուրիշ հիմք չունի, բացի կրօնը։

            Բայց մեր հաւատը մեծ է հայ ազգութեան վրա, մենք հաւատում ենք, որ նա ունի հարուստ կլասիկական եւ կենդանի, նոր գրականական լեզու. մենք հաւատում ենք, որ նա ունի իր պատմական հայրենիքը եւ տակաւին բնակվում է իր հայրենի հողի վրա. մենք հաւատում ենք, որ նա ունի իր որոշ ցեղական յատկութիւնները, որ դարերի ընթացքում չեն փոխվել, եւ վերջապէս, մենք հաւատում ենք, որ նա ունի իր յատուկ ազգային եկեղեցին։ Լեզու, հայրենիք, եկեղեցի, ցեղական առանձնութիւններ,—ահա այն գլխաւոր հիմունքները, որոնցով, հաւատացած ենք, կը պահպանվի մեր ազգութիւնը։ Հարկաւոր են եւ ուրիշ մի քանի պայմաններ, այդ, ի հարկէ, մեզանից ամեն մէկը հասկանում է,—դրանց մասին ոչ կարող ենք եւ ոչ պէտք ենք համարում խօսել։

            «Մշակը» «Տարրական մտքեր» [մասն 1մասն 2վերնագրով առաջնորդող յօդուածների մէջ արդէն բացատրեց այն հարցերը, թէ մի ազգի պահպանութեան համար ինչ դեր են խաղում կրօնը, լեզուն եւ հայրենիքը,—եւ թէ դրանցից իւրաքանչիւրը ո՛րքան եւ ի՛նչ չափով են նպաստում ազգի գոյութեան պահպանվելուն, երբ զանազան հանգամանքների պատճառով մինը կամ միւսը փոփոխութեան են ենթարկվում։ Մենք այսքանը բաւական համարելով, հարկաւոր ենք տեսնում կրկին վերադառնալ այն հարցին, թէ ի՛նչ շահ ունենք անդադար կրկնելով մի եւ նոյն հին երգը, թէ լուսաւորչական եկեղեցին մեր ազգի միակ հիմքն է, թէ այդ եկեղեցուց դուրս ոչ փրկութիւն կայ եւ ոչ հայութիւն, թէ բողոքական, կաթօլիկ, յունադաւան եւ մահմետական հայերը, եթէ կամենում են մեզ հետ միանալ, պէտք է կրկին վերադառնան դէպի իրենց մայրենի եկեղեցին, եւ այլ այսպիսի ցնդաբանութիւններ։

             Այսպէս կարող են մտածել այն մարդիկը միայն, որոնք չը գիտեն մեր ազգի այժմեան վիճակը եւ տեղեակ չեն նրա ժամանակակից պահանջներին։ Եւ ցաւալին այն է, որ այսպէս երկար ժամանակ մտածում էին մեր ազգի առաջնորդները։ Պէտք էր մի զօրեղ դէպք, մի պատմական շօշափելի անհրաժեշտութիւն, որ դուրս բերէր մեր ժողովրդի առաջնորդներին յիշեալ մոլորութիւններից, ցոյց տար, թէ որքան անհիմն են նրանք։ Բարեբախտաբար այդ դէպքը տեղի ունեցաւ։ Քրիստոնեաների ազատութեան անունով ծագեց ռուս-թուրքական պատերազմը, եւ հայերը կարմիր արեան փոխարէն սեւ մելանը գործածելով, ստացան Սան-Ստեֆանօի 16 եւ Բերլինի աւագաժողովի 61-րդ յօդուածները։ Վերջին յօդուածի տրամադրութեան համեմատ, Թուրքիան պարտաւորվում էր վերանորոգութիւններ մտցնել իր պետութեան «Հայերով» բնակեցրած գաւառների մէջ։ Այստեղից ինքն ըստ ինքեան ծագեց մի հարց.—ո՞վքեր են հայերը։

            Մեր հին ազգասէրների կարծիքով հայեր միայն լուսաւորչականներն էին, եւ Թիւրքիան բարւոք համարեց այսպէս ընդունել, հաշուեց լուսաւորչականների թիւը, այն եւս փոքրացնելով, եւ պատասխանեց Եւրոպային, թէ իմ պետութեան մէջ հայերը այնքան չնչին փոքրամասնութիւն են կազմում, որ չարժէ մինչեւ անգամ նրանց համար առանձին վերանորոգութիւններ անել։ Պատասխանը, կրօնական կէտից, մասամբ ճիշտ էր, եւ մեզանից ոչ ոք իրաւունք չունի մեղադրել Թիւրքիային, երբ նա օգուտ է քաղում մեր տգիտութիւնից, երբ նա կրկնում է մի եւ նոյնը, ինչ որ մենք ենք ասում,—թէ բացի լուսաւորչականներից ուրիշ հայ չը կայ։

            «Մշակը» նախատեսնում էր այդ բոլորը, նա գիտէր, թէ որպիսի կորստաբեր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի վերանորոգութեան մասին, երբ մենք կը շարունակենք անդադար կրկնել, թէ լուսաւորչական եկեղեցուց դուրս հայութիւն չը կայ։ Եւ այդ իսկ պատճառով, «Մշակը» բարձրացրեց կրօնի եւ ազգութիւն խնդիրը։

            Բերլինի աւագաժողովի 61-րդ յօդուածը տուեց հայերին երկու արտօնութիւն, առաջին, որ Հայաստանում պէտք է վերանորոգութիւններ մտցնվէին, երկրորդ, որ հայերը կրօնական համայնքից Եւրօպայի առջեւ ճանաչվեցան որպէս ազգ։

            Ի՞նչ է նշանակում՝ կրօնական համայնքից ճանաչվեցան որպէս ազգ։—Այդ նշանակում է՝ մի ցեղական ամբողջութիւն, որի մէջ կան եւ կարող են լինել զանազան կրօններ եւ եկեղեցիներ։

            Այդ կոչմանը արժանի լինելու համար, պէտք էր ցոյց տալ, որ դա իսկապէս այդպէս է, որ մենք ազգ ենք, եւ այդ ազգի մէջ կան զանազան եկեղեցիներ,—լուսաւորչական, բողոքական, կաթօլիկ, յունադաւան եւ մահմեդական։—Եւ այդ կազմակերպութիւնից ինքն ըստ ինքեան պէտք է առաջ գար կրօնական ներողամտութիւնը եւ համոզմունքի ազատութիւնը, որպէս զի ազգային միութեան գործը կատարեալ լինէր։

            «Մշակը», որ շատ առաջ քարոզում էր այդ ցանկալի միութիւնը, Բերլինի դաշնագրից յետոյ, աւելի եռանդոտ սկսեց արծարծել նրան, որովհետեւ այդ միութեան մէջն էր տեսնում ազգի փրկութիւնը եւ Հայաստանի բախտն ու ապագան։ Բայց գտնվեցան մարդիկ, որ սկսեցին հակառակը քարոզել, կամ մեր բռնած ընթացքը ծուռ ու սխալ կերպով բացատրել։ Մենք այսպիսիների հետ գործ չունենք, մեր գործը մեր ազգի բարեմիտների հետ է։ Մենք անդադար պիտի մտրակենք այն չարագործներին,—թէ կաթօլիկ լինէին, թէ լուսաւորչական, թէ բողոքական, թէ յունադաւան եւ թէ մահմեդական,—որոնք կրօնի պատճառով մեր ազգի միութեան գործի մէջ երկպառակութիւն են ձգում։ Եւ մենք սիրով կը համբուրենք մեր այն եղբայրներին, առանց դիպչելու նրանց կրօնին, որոնք միայն հայութեան եւ Հայաստանի անունով կը գործեն, եւ հայ ազգի շահերը կը պաշտպանեն։

            Մենք մէկ ազգի որդիներ ենք, մենք մի եւ նոյն ընտանիքի զաւակներն ենք։ Կրօնը, որ մի ժամանակ բաժանել էր մեզ, այժմ ազգի եւ հայրենիքի սէրը պէտք է միացնէ։ Կաթօլիկութիւնը, բողոքականութիւնը եւ մինչեւ անգամ մահմետականութիւնը չեն զրկում հային հայ լինելուց,—եւ ոչ էլ լուսաւորչականութիւնը մեզ իրաւունք է տալիս հայ կոչվել։ Մենք հայ էինք, երբ հեթանոս էինք, եւ հայ կը մնանք, եթէ հազար անգամ կը փոխենք մեր կրօնը։ Մեր ազգութիւնը չի կորչի,—երբ պահպանված կը լինեն այդ բոլոր պայմանները, ինչ որ պէտք են, ինչ որ անհրաժեշտ են մի ազգի գոյութեան համար։

Comments

Popular posts from this blog

Learn Classical Armenian!

Some male names from 5th century Armenia

A selection of famous literary lines, translated into 5th century Grabar