Հեղինակների Վիճակը

Հեղինակների Վիճակը

 

Րաֆֆի


Մշակ 

(1874)

 

Մեզանում գրականութեամբ պարապւողներն ըստ մեծի մասին աղքատ մարդիք են։ Եթէ նրանցից մէկը հեղինակել, կամ թարգմանել էր որ եւ իցէ գիրք, տարիներով նորա աշխատութիւնը լոյս չէ տեսնում, մնում է առանց տպագրվելու։

            Ի՞նչ անէ հեղինակը։ Նորա աշխոյժը սառչում է, նա յուսահատվում է եւ դադրում է աշխատելուց, տեսնելով, որ իւր պարապմունքը ոչ միայն հաց չէ տալիս նորան, այլ եւ նա զրկվում է իւր գործունէութեան բարոյական բաւականութիւնից։

            Մի միջոց, որ շատ անգամ գործ է գրվում մեզանում գրքեր տպագրելու, այն է, որ հեղինակը, կամ նորա բարեկամներից մէկը ստիպուած են լինում բաժանորդագրութեան թերթը դրնէ դուռն ման ածել, դորան նորան խնդրել, որ մի քանի օրինակ ստորագրեն, արծաթը կանխիկ վճարելով։ Եւ եթէ յաջողվում է մի այդպիսի ձանձրալի ձեռնարկութիւնը, այն եւս ոչ թէ հեղինակի տաղանդը յարգելու եւ նորան խրախոյս տալու համար է լինում, ո՛չ, այլ որպէս ռամկօրէն ասում են՝ «խաթրի համար»։

            Թէ յիշեալ միջոցներով գիրք տպագրելը որքան է վիրաւորում հեղինակի անձնասիրութիւնը, այդ ինքն ըստ ինքեան հասկանալի է. բայց ինչ հնարներ պէտք է գործ դրած նրանց այդ դժուարութիւններից ազատելու համար։

 

 

            Առհասարակ գրքերի պահանջը մեզանում այնքնան զգալի է, որ այդ մասին երկար խօսելը բոլորովին աւելորդ է։

            Մանկավարժական ժամանակից խնդիրն արդէն զարթել է մեր մէջ, եւ մենք խիստ յաճախ լսում ենք՝ նոր մետօդ, նոր եղանակ պէտք է մտցնել դպրոցների մէջ. հին փթած դրութիւնը պէտք է ոչնչացնել եւ նոր համակարգութեամբ կազմակերպել ուսումնարանների ձեւը եւ այլն։

            Բայց այդ վերանորոգութիւններին հարկաւորած դասագրքերն ունե՞նք արդեօք։  Այդ մասին ոչ ոք չէ մտածում։

            Դիտութիւնների եւ արհեստների դասատւութիւնը մայրենի լեզուով պէտք է լինի, կրկնումեն նոյն ձայները. եւ երեխան երեխայութիւնից պէտք է սովորի մտածել եւ խօսիլ ազգային լեզուով։

            Իսկ այդ առարկաներին հարկաւոր ձեռնարկներ ունե՞նք։  Դարձեալ ո՛չ ոք չէ մտածում։

            Յարաժամ լսում ենք՝—ժողովրդի մէջ պէտք է ընթերցանութիւն տարածել, դարուս լուսաւոր գաղափարները պէտք է նորա մէջ տարրացնել. արհեստների եւ գիտութիւնների հետ պէտք է ծանօթացնել. եւ հեռացնել պէտք է նրանից վաղեմի նախապաշարմունքները, սովորեցնելով նորան ազատ եւ առողջ դատողութիւնը։ Ահա այդպիսի հազար ու մէկ ցանկութիւններ լսվում են մեզանում։ Բայց ո՞ր գրքերի միջոցով կարող ենք հասնել դորան։ Պատասխանը կը լինի՝—գրքեր չունենք։

 

 

Ինչո՞ւ չունենք։

            Կօշկակարն իւր արհեստով ապրում է. հիւսն իւր արհեստով ընտանիք է պահում. իսկ գրքերի հեղինակն իւր գլուխն անգամ պահել չէ կարողանում։ Նորա արդիւնաբերութիւնը մի այնպիսի մթերք է, որ խիստ սակաւ է գնահատվում։ Չը կայ մի ձեռք, որ գնելով նորա աշխատութեան նիւթը, հաղորդէր ամբոխին։

            Մեր հայ գրավաճառները մեծ մասամբ օտար ազգի գրքերի առեւտուրով են պարապուած։ Նոքա խիստ հեռու են պահում իւրեանց այն մտքից, որ գնէին հայ հեղինակի աշխատութիւնը, եւ իւրեանց ծախով հրատարակելով, տարածէին ամբոխի մէջ։ Եւ եթէ նրանցից մէկը յօժարվում է գնել մի աշխատութիւն, այն եւս այնպիսի պայմաններով, որ հեղինակի թղթի եւ մելանի արժէքը չէ դուրս բերում։

            Իսկ առանձին մեկենաներն մեր մէջ հազուագիւտ բաներ են. Մեր հարուստները պատրաստ են հազարներով մխսել իւրեանց փառասիրութեան համար. իսկ մի հեղինակի միջոց տալ իւր աշխատութիւնը ի լոյս ածելու, այդ նրանց համար մահ է։

 

 

            Մասնաւոր անձանց նուիրատւութեամբ գիրք տպագրելը հաստատուն լինել չէ կարող, որովհետեւ զոհաբերութիւնը որքան գեղեցիկ բան է այնքան եւ անտեւողական է։

            Ուրեմն գրքերի տարածելը ժողովրդի մէջ ոչ թէ մասնաւոր մարդու գործ է, այլ մի կազմակերպուած ընկերութեան գործ։

            Թողնենք օտարազգիների մէջ զանազան ձեւերով եղած տպագրական ընկերութիւնները. թողնենք ԿՊօլսի մէջ նոյն նպատակով կազմուած մի քանի ընկերութիւններ, յիշենք միայն Վենետկի եւ Վեննայի հայ աբեղաների միաբանութիւնները։ Նոքա, ոչ միայն ազատեցին մեր հին մատենագրութիւնը Հայաստանի վանքերի խորշերում փթելուց, այլ եւ ընծայեցին մեզ թւով շատ ինքնուրոյն եւ թարգմանական հեղինակութիւններ։ Նոքա մի կողմից տարածեցին մեր հասարակութեան մէջ ընթերցասիրութիւն, ծանօթացրին եւրօպական գիտութիւնների հետ, միւս կողմից, հարստացրին իւրեանց վանքը։

            Ս. Էջմիածնայ տպարանը կարող էր նոյն դերը խաղալ, ինչ որ արեցին վենետիկիցիք, եթէ նրա գործունէութիւնը չը լինէր սահմանափակված եւ եթէ վանքի միաբանութիւնը կազմուած լինէր գիտնական աբեղաներից եւ նոքա իւրեանց նուիրած լինէին գրականութեան։

            Բայց դժբախտաբար, Ս. Էջմիածնայ մամուլը ճաշոցներով եւ սուրբ գրքերի հին մեկնութիւններով է զբաղուած…

 

 

            Վերոյիշեալ հանգամանքերն աչքի առաջ ունելով, մեզ համար խիստ զգալի է լինում մի օրինաւոր տպագրական ընկերութեան կարեւորութիւնը։

            Բայց թիֆլիսեցի հայը ոչ մի գործի միջամուխ չէ լինում, մինչեւ նորա մէջ մի շօշափելի օգուտ չը տեսնէ։ Հինգ աբասով առնել, տասն աբասով ծախել, այդ բաները նորան այնքան սովորական են, որ նա մի ուրիշ առեւտրական հիմնարկութեան վերա չէ մտածում։ Առհասարակ թիֆլիսեցի հայի գործունէութիւնը վաճառականական ասպարիզում դալալի գործունէութիւն է,—մի ձեռքից առնել, միւս ձեռքին տալ. նա ինքը մի նիւթ արդիւնաբերելու ընդունակ չէ։

            Ուրեմն խիստ դժուար է հասկացնել, թէ վաճառականական սկիզբների վերա հիմնուած մի տպագրական ընկերութիւն կարող էր տալ նրանց. եթէ ոչ այն կողոպուտներն, որ անում եւ իւրեանց առեւտուրից, այլ մի արդար եւ խղճմտանքով արդիւնք։ Իսկ դորանով մեր դրամատէրները բաւականանալ կարող չեն։ Դարձեալ ստիպուած ենք դիմել ուրիշ միջոցների։

 

 

            «Մշակի» 45-րդ համարում տպուած էր մի լուր թէ մեծապատիւ Օնանովի յորդորանքով հաւաքվում է մի գումար Ներսիսեան դպրոցի յոբելեանի տարեդարձը կատարելու համար։ «Մշակը» իւր կողմից արել էր մի առաջարկութիւնթէ աւելի լաւ կը լինէր յոբելեանի հանդէսն որքան կարելի է համեստ կերպով կատարել եւ աւելորդ գումարն ընծայել դպրոցին, նորա տոկոսով մի աշակերտ արտասահմանում ուսանելու համար։

            Այժմ լսում ենք, որ քամի օր առաջ մեծապատիւ Օնանովի հոգատարութեամբ կազմուել է մի ժողով բժշկապետ Շահպարունեանցի տանը, ուր հաւաքուած են եղել Ներսէսեան դպրոցի հին աշակերտներից ոմանք, ստորադրել են մի նշանաւոր գումար, որոյ տոկոսով մի աշակերտ պէտք է ուսում առնէ արտասահմանում յանուն հանգուցեալ Ալամդարեանի, որը նոցա վարժապետն է եղել։ Արդարեւ, երախտագիտութեան մի գովելի արտայայտութիւն է այդ դէպի այն մարդու յիշատակը, որ նոցա մտաւոր եւ բարոյական դաստիարակիչն է եղել։

            Բայց հանդիսականներից մինը պարոն Ն. Տ. Շ. յայտնելով գրատպութեան այժմեան մեծ կարեւորութիւնը, եւ նկարագրելով հեղինակների աննախանձելի դրութիւնը, նոյն ժողովի մէջ արել է ուրիշ առաջարկութիւն, թէ հաւաքուած գումարը փոխանակ գործ դնելու մի աշակերտ ուսում առնելու համար, աւելի օգտաւէտ կը լինէր նոյն գումարով կազմել մի դրամագլուխ, որոյ տոկոսով տպագրուէին զանազան գրքեր, եւ այդպէսով միջոց դրուէր  հեղինակներին թէ ապրելու եւ թէ եռանդով աշխատելու։

            Որպէս լսում ենք, պարոն Ն. Տ. Շ…ի առաջարկութիւնն ընդունվել է ժողովի ընդհանուր համակրութեամբ եւ նոքա վճռելեն՝—բացի հանգուցեալ Ալամդարեանի անունով հաւաքուած նուիրատւութիւնները, կազմել մի տպագրական ընկերութիւն, ստորագրութեամբ հաւաքելով մի առանձին դրամագլուխ, գրատպութեան գործին նպաստելու համար։

            Յուսով ենք, որ մեծապատիւ Օնանովն ի թիւս իւր այլ բարեգործութեանց կատարումն կը տայ եւ տպագրական ընկերութեան հաստատութեանը, որը մեր կենսական ամենամեծ պահանջներից մէկն է, եւ այդպէսով կը դիւրացնէ գրքերի տարածուիլը մեր հասարակութեան մէջ։

            Յիշեալ գումարի գործադրութեան կամ նորա ընկերութեան պայմանների մասին խօսելն աւելորդ է այժմ, միայն այսքանը պէտք է ասել, որ դրամագլուխը պէտք է հասնի այն քանակութեան, որ գոնեա տարեկան 1000 րուբլի տոկոս բերէ։ Այն ժամանակ կարող էին տպագրուիլ ամեն մի տարի երեք գրքեր, մօտաւորապէս 300 երեսից բաղկացած, եւ իւրաքանչիւր գրքից 1200 օրինակ։

 

 

            Բոլորովին անիրագործելի բան չէ մի այդպիսի տպագրական ընկերութիւն, զոհաբերութեան սկիզբների վերա հիմուած, այնպիսի անձանց կողմից, որ այժմ մտածում են այդ մասին։ Մանաւանդ, որքան մեզ յայտնի է, թէեւ նոքա անվերադառնալի կերպով ընծայելու են մի գումար, բայց նորա տոկոսի փոխարէն իւրաքանչիւրն միշտ եւ ժառանգաբար ստանալու է մի մի օրինակ ընկերութեան բոլոր հրատարակութիւններից։

            Ներսէսեան դպրոցն ընծայել է մեր հասարակութեանը, բացի իւրեանց հայրենի լեզուին հմուտ եւ ազգային ոգւով կրթուած բազմաթիւ աշակերտներ, այլ նոյն անձանց մէջ շատերը վայելում են բախտի առանձին բարիքները.—նոքա մեր քաղաքի հարստականների շարքումն են դասվում։ Որպէս լսում ենք, մեծապատիւ Օնանովի համախոհները, որք մտածում են տպագրական ընկերութեան մասին, նոյն դասակարգի մարդիք են։ Ուրեմն նրանց համար մի մեծ ծանրութիւն չէր լինի յոբելեանի առիթով կազմել մի մշտական դրամագլուխ օգտաւէտ հրատարակութիւնների համար։ Այդպիսով, մի կողմից հեղինակներին միջոց կը դրուէր աշխատելու, միւս կողմից, թէ մեր դպրոցները եւ թէ հասարակութիւնը զրկուած չէր մնայ այն գրքերից, որոց մեծ կարօտութիւն ունի։

            Եթէ պարոն Ն. Տ. Շ…ի առաջարկութիւնը բոլորովին իրագործուի, այն ժամանակ մենք պատրաստ ենք հրատարակել մի ամբողջ ծրագիր յիշեալ տպագրական հիմնարկութեան թէ կանոնների եւ թէ նորա վարչութեան ձեւերի մասին։

Comments

Popular posts from this blog

In Defense of Civilization

Learn Classical Armenian!

Movses Khorenatsi's History of the Armenians