Եւրոպական Քաղաքագէտների Կարծիքը


Մենք շեշտել էինք, որ սահմանադրական ապագայ Ռուսաստանի աջակցութիւնն ու բարեկամութիւնը հայութեան համար խոշոր մի կենսական խնդիր է, կարեւոր ու անհրաժեշտ եւ հիմնուած փոխադարձ շահերի ներդաշնակութեան վրայ։

    Ո՛չ միայն ռուսահայերի համար, այլ եւ թուրքահայերի։

    Հիւսիսից մամուլի էջերում հնչում են արդէն նոր ձայներ բիւրօկրատիայի արտաքին քաղաքականութեան սխալների մասին։ Կարո՞ղ է դառնապէս խրատուած հայը սիրով չդիմաւորել քաղաքական այդ նոր ուղղութեանը։ Հայութիւնը խեղդւում է մահմեդական մոլեռանդ ու թշնամի մթնոլորտում։ Իբրեւ առաջադիմութեան եւ քաղաքակրթութեան համար մաքառող՝ հայութիւնը նոր Ռուսաստանի բնական ու անհրաժեշտ դաշնակիցն է։

    Հայ գործիչների մեծամասնութեան համոզմունքն է դա։ Մենք պնդել էինք, որ եւրոպական միջամտութեան յոյսը խաբուսիկ է, խաբուսիկ էլ կը մնայ։

    Երբ Թուրքահայ վիլայէթներում հայի արիւնը գետերով էր հոսում, երբ Եւրոպայում միտինգներ էին կայանում, այո՛, անտարբեր եւրոպացին մի վայրկեան կարծես թէ խղճաց թուրքահային։ Բայց ո՞րչափ հեռու կարող է գնալ խղճի քաղաքականութիւնը։

    Փորձը ցոյց տւեց, որ թէեւ եւրոպական խաղաղ միջամտութիւնը կարող է ստիպել Սուլտանին խոստումներ անելու, սակայն այդ խոստումները չեն գործադրւել եւ չեն գործադրւիլ. Գործադրութեան համար շահը պիտի խօսի։

    Եւ վերջապէս ո՞ր եւրոպական քաղաքաքէտը, ո՞ր պետութիւնը, ո՞ր հայ գործիչը մի պարզ ու հասկանալի հեռանկար են ցոյց տւել Եւրոպայի բարեյաջող ու արդիւնաւոր միջամտութեան։

    Ընդհակառակը՝ եւրոպացի հայասէր քաղաքագէտները, որ ծանօթ եւ Թուրքահայ իրականութեանը՝ միշտ էլ մատնացոյց են արել, որ Ռուսաստանն է թուրքահայի դրական յոյսը։

    Անգլիական լիբերալ քաղաքագէտները շարունակ ակնարկել են, որ հայկական խնդրին բաւարար լուծում կարող է տալ Ռուսաստանը, իբրեւ ամենից աւելի շահագրգռւած եւ հարեւան պետութիւն։

    Արգայլեան դուքսը իր հռչակաւոր բրօշիւրի մէջ ասում է, որ Թուրքահայի կոտորածներին կարող է վերջ դնել միայն Ռուսաստանի պրօտեկտօրատը։

    Դր. Լինչ, Ջէմս Բրայս, Րօհրբախ, որ ուսումնասիրլ են հայկական խնդիրը՝ յանգել են նոյն եզրակացութեան, որ թուրքահայ ժողովրդի բախտի բանալին գտնւում է Ռուսաստանի ձեռքին։

    Նոյն կարծիքն են յայտնում նոյն իսկ ամենարմատական կուսակցութեան ներկայացուցիչները, ինչպէս Էնգէլս եւ Բերնշտայն։

    Հայասէր քաղաքագէտները ուսումնասիրութեան ու տրամաբանութեան ճանապարհով հանոզւել են, որ հայկական ցանկութիւնների եւ յոյսերի իրագործման դէպքում վճռող խօսքը Ռուսաստանինն է, որ Թուրքահայի խնդիրը միայն ա՛յն ժամանակ իր լուծմանը կը մօտենայ, երբ Ռուսաստանը կարիք զգայ միջամտելու։

    Ահա՜ ինչ են ասում տգիտութեան ասպետները։

Comments

Popular posts from this blog

In Defense of Civilization

Learn Classical Armenian!

Movses Khorenatsi's History of the Armenians